Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը նամակներ է յղել ՄԱԿ-ի եւ Եւրոպայի խորհրդի մասնագիտացւած մարմիններին, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին` Ադրբեջանի կողմից ապօրինի պահւող հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հետ կապւած իրավիճակի վերաբերեալ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը:
Նամակներում, մասնաւորապէս, նշւում է, որ Ադրբեջանը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, նոյն տարւայ դեկտեմբերին յարձակւել եւ օկուպացրել է Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերը եւ գերեվարել Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի 64 զինծառայողների: Այնուհետեւ Ադրբեջանի իշխանութիւնները յայտարարել են ռազմագերիների նկատմամբ քրէական գործեր յարուցելու իրենց մտադրութեան մասին, ինչը միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտում է:
Նամակներում ընդգծւում է, որ միջազգային մարդասիրական իրաւունքը, մասնաւորապէս` Ժնեւեան կոնւենցիաները, չեն դադարում կիրառւել հրադադարի մասին յայտարարութեան ստորագրումից յետոյ, հետեւաբար` գերեվարւած զինծառայողները ռազմագերիներ են` համաձայն Ռազմագերիների հետ վարւելակերպի մասին Ժնեւեան կոնւենցիայի (III) 4-րդ յօդւածի, եւ ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ պէտք է հայրենադարձւեն: Ադրբեջանի կողմից ռազմագերիների քրէական հետապնդումը միայն նրա համար, որ նրանք մասնակցել են ռազմական գործողութիւններին, Ժնեւեան երրորդ կոնւենցիայի կոպիտ խախտում է:
Նամակներում նշւում է, որ Ադրբեջանը ձգձգում է իր մօտ պահւող այլ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց վերադարձը, ովքեր գերեվարւել էին Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետութեան դէմ զինւած ագրեսիայի ընթացքում եւ դրանից յետոյ: Ընդգծւում է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է եռակողմ յայտարարութիւնն իր տառին եւ ոգուն համապատասխան լիակատար իրականացնելու իր իսկ ստանձնած պարտաւորութիւններին` արիւնալի հակամարտութեան թողած վէրքերը բուժելու նպատակով:
Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել` ապահովելու Ադրբեջանի կողմից Ժնեւեան կոնւենցիաների իրագործումը եւ նշւած պայմանագրերով ստանձնած պարտաւորութիւնների կատարումը` նրա կողմից պահւող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց բոլոր իրաւունքները պաշտպանելու նպատակով: